Այսօր Արագածոտնի թեմի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Սուրբ Նշան եկեղեցին օծվեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ։
Այդ օրվանից եկեղեցին դարձավ Երնջատափի հավատավոր ժողովրդի աղոթքի տունը և հոգևոր կյանքի օջախը։

Արագածոտնի թեմից հայտնում են՝ օծման տարեդարձի առիթով Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը։

Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էր Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Տեր Հայրն իր քարոզում շնորհավորեց Մկրտիչ Սրբազանին և Տեր Մուշե քահանային եկեղեցու օծման տարեդարձի առիթով ու հավատացյալներին փոխանցեց կարևոր պատգամ՝ ապրել քրիստոնեական գիտակցությամբ և հավատարիմ մնալ Աստծուն տրված կոչմանը։

Տեր Հայրը հորդորեց հավատացյալներին երբեք չմոռանալ իրենց հոգևոր ճանապարհի սկիզբն ու վերջը՝ գիտակցելով, թե որտեղից են եկել և ուր են գնում։ Չմոռանալ, որ իրենք Տիրոջ ժողովուրդն են՝ կանչված ապրելու ոչ միայն խոսքով, այլև հավատքով, գործով և քրիստոնեական պատասխանատվությամբ։
Եվ երբ գա այն պահը, երբ հավատքի ճանապարհը պահանջի խիզախություն ու անձնազոհություն, չամաչել Քրիստոսից, չվախենալ սեփական խաչից, այլ արհամարհել ամոթն ու մարդկային վախերը, վերցնել խաչը և հետևել Տիրոջը, ու փոխանցեց Աստվածաշնչյան պատգամը. «Նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում». Եբրայեցիներ 12.2









