Սեպտեմբերի 24-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Ժողովրդավարության եվրոպական գործընկերություն» (European Partnership for Democracy) կազմակերպության գործադիր տնօրեն Թայս Բերմանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, քաղաքացիական հասարակության դերակատարության և հանրային մասնակցության խթանմանն առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը և նրանց ներգրավվածությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման ու լուծման գործընթացներում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է որոշումների կայացման գործընթացներում բոլոր խմբերի ներգրավման կարևորությունը և այդ ուղղությամբ բավարար քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է կանանց, երեխաների, երիտասարդների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերի մասին:
Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությանը և միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման հեռանկարներին։









