Հայաստանին Եվրամիության խոստացած աջակցության միջոցները հեռու են իրականությունից։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նրա խոսքով՝ Երևանը ստիպված կլինի երկար սպասել ինչպես ԵՄ շուկայի բացմանը, այնպես էլ միությանն անդամակցությանը։ Մասլեննիկովը նշել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները կարող են սպասել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։
«Ներկայում Հայաստանի համար եվրոպացիների առաջարկած աջակցության միջոցները մեծ մասամբ կրում են դեկլարատիվ բնույթ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Օգոստոսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կարող է նախաձեռնել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի Բրյուսելը պաշտոնապես ներկայացնի այն հարցերը, որոնք Հայաստանը պետք է լուծի ԵՄ անդամակցության համար։
Փաշինյանը նշել էր, որ դրանից հետո իմաստ կունենա հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու հարցով։
Կրեմլից հայտարարել էին, որ Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի ՀԱՊԿ-ում հետագա անդամակցության հարցը։ Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Երևանի՝ դեպի ԵՄ շարժը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։









