Foto

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։ Փաստացի դատական համակարգում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դատավորներն արդեն զգուշանում են ոչ միայն հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այլև միմյանց հետ մասնավոր զրույցներից»։