Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բիշքեկում Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին, հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկում չի եղել: Մենք այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հարցը չենք բարձրացրել: Բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք, թե ՀՀ տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք բարձրացրել»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ առհասարակ չի հետևում ոչ լեգիտիմ իշխանությունների հայտարարություններին, սակայն կարող է խոսել ընդհանուր երևույթի մասին։ Այսինքն՝ եթե որևէ մեկը հայտարարում է, որ 102-րդ ռազմաբազան այլևս Հայաստանին անհրաժեշտ չէ, պետք է տվյալ մարդուն հարցնել՝ իսկ Թուրքիայի հետ հաստատվե՞լ են դիվանագիտական հարաբերություններ։
«Արդյո՞ք կան միջազգային երաշխիքներ, որ նույն Թուրքիան, որը ՀՀ «լեգիտիմ» իշխանությունների մի քանի տարի առաջ արված հայտարարությունների համաձայն՝ վերադարձել է Կովկաս, որպեսզի ավարտին հասցնի այն, ինչը սկսել է նախորդ տարվա սկզբներին։ Եթե իշխանությունն այս պահին կարծում է, որ Թուրքիայի հետ այլևս խնդիր չկա, սա նշանակում է, որ երբ խոսքը վերաբերում է իրենց իշխանությունը պահելուն, և եթե դա պետք է անեն Թուրքիայի իշխանությունների միջոցով, ապա «Թուրքիան այլևս Հայաստանի համար սպառնալիք չէ»։
Ինչո՞ւ եմ ասում՝ ոչ լեգիտիմ իշխանություն, որովհետև ձևավորվել կամ պահպանել են իրենց իշխանությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով։ Ուզում եմ ասել՝ այդ ոչ լեգիտիմ իշխանության ո՞ր հայտարարությունը մեկնաբանեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ՌԴ նախագահի հետ ռազմաբազայի հարց չի քննարկել, հետևաբար, եթե չի քննարկել, ապա ՌԴ նախագահն ինչո՞ւ է դրա մասին խոսել։
«Երևի Ադրբեջանի հետ էլ Տիգրանաշենի մասին չեն խոսել, չէ՞, ՀՀ Սահմանադրությունն է՞լ չեն քննարկել, որի մասին 3 տարի անընդմեջ ասում են, ու հիմա որոշել է փոխել, որովհետև խոստացել էր, որ 2021 թվականի ընտրություններում կփոխի Սահմանադրությունը, ու չի փոխել։ Նման ստեր ասելու նպատակը մեկն է՝ ինչ անեն, որ այսօր իրենց իշխանությունը պահեն, և դրա համար էլ ինչ ասես՝ կասեն։ Դրա համար երևույթները տրամաբանորեն չենք կարող մեկնաբանել, անհնարին է»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ 102-րդ ռազմաբազայի մասին այսօր ամենաշատը խոսում են Արևմուտքում, ուրեմն ամբողջը հենց Արևմուտքի մասին էր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղում էր Արևմուտքին՝ ասելով, թե ամեն ինչ կանի, եթե հայկական ապրանքները մի քանի անգամ ձրի տանեն, իսկ եթե չօգնեցին, այս ժամանակ էլ կասի՝ ռազմաբազայի խնդիր չեն բարձրացնում։
«Այսօրվա դրությամբ Թուրքիայի համար ռազմաբազա սահմանին չլինելը նպաստում է նրան, որ ինքն իր հին ծրագրերը կատարի, որի մասին այս իշխանությունը շատ ազնիվ խոսել է 2020 թվականին։ Ռուսաստանն այն մեծ պետություններից է, որը գիտի՝ իր շահերն ինչպես առաջ տանի, ու տանում է՝ անկախ այն հանգամանքից՝ դա մեր դուրը գալի՞ս է, թե՞ ոչ։ Նույնը Միացյալ Նահանգներն է, ու այդ երկրները վերջում փոքր պետությունների հաշվին իրենց հարցերը լուծում են։ Հիմա այս ամենի մեջ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս խաղալ, որպեսզի սեփական շահերի հաշվին քիչ հարցեր լուծվեն։ Բայց այս իշխանությունը երկիրը հասցրել է մի կետի, որտեղ բոլորը նրան պահանջներ են ներկայացնում՝ Սահմանադրություն փոխել, հանրաքվե անցկացնել, շուկայում տնտեսական ընտրության խնդիրներ լուծել և այլն։
Մի անգամ ասում են՝ ապրանք ունեք, ուղարկեք, բայց արդյո՞ք սրանով մեր երկիրը մշտական գործընկեր է ձեռք բերում, թե՞ մեկ անգամ ապրանք վաճառելով՝ ավարտվում է համագործակցությունը։ Հարցը, որը Պուտինի հետ չի քննարկել, գուցե Պուտինն այդ հարցերն ուրիշի հետ է քննարկել։ Մինչև Հայաստանի գործողների հետ հանդիպումը Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ, չգիտեմ՝ ինչ քննարկում են ունեցել, բայց եթե ռազմաբազայի մասին չեն խոսել, բա ինչո՞ւ անդրադարձ եղավ»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ նաև հարց է առաջանում՝ եթե Պուտինի հետ 102-րդ ռազմաբազայի հարց չի քննարկվել, գուցե Թուրքիայի հե՞տ է քննարկվել, որ նման թեմա է բարձրացնում Հայաստանում։









