ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է․
«Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ:
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայններդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։
(Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի)։
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։
Ու նորից՝ ընտրություն կեղծածները, քվե գողացածները, ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑԻՆ ընդդիմությանը (իրենց իսկ խոսքով)։
Այսինքն՝ ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը, երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում ամենալեգիտիմը։
Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։
Փուլ 1` ավարտ: Փուլ 2` մեկնարկ»:









