Foto

Բայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Դիրկ Լյոլկեին։

Հանդիպման ընթացքում դեսպանը Ջեյհուն Բայրամովին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը։ Նա շնորհավորել է դեսպանին Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա աշխատանքում։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը Գերմանիա հիմք է դրել երկկողմ գործընկերության նոր փուլին։ Նշվել է նաև երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի, ադրբեջանա-գերմանական գործարար խորհրդի ստեղծման, համագործակցության հետագա խորացման և բարձր մակարդակի շփումների շարունակման կարևորությունը։

Քննարկվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության խորացման առկա ներուժը, ինչպես նաև տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը Դիրկ Լյոլկեին տեղեկացրել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։