Foto

Խաչատուրյանն ու Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին, հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար: