Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։ Նրանք Բաքվի ռազմական դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի դեմ, ըստ ադրբեջանական կողմի, Հայաստանի ռազմական ագրեսիայի շրջանակում կատարված գործողությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների համար։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, նիստը նախագահել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովը՝ դատավորներ Էմին Մեհթիևի և Մեհրիբան Գարաևայի (պահեստային դատավոր՝ Ալի Մամեդով) մասնակցությամբ։ Քրեական գործով վերաքննիչ վարույթում ընդգրկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև պաշտպաններ։
Սկզբում ելույթ է ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի պաշտպանը։ Նա դատարանից խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
Այնուհետև խոսել է Մ. Բաբայանը՝ նշելով, որ համաձայն է իր պաշտպանի դիրքորոշման հետ և իրեն մեղավոր չի համարում։
Դրանից հետո խոսքը տրվել է Արայիկ Հարությունյանի պաշտպանին, որը դատարանին ներկայացրել է պաշտպանության կողմի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքի շրջանակում։
Այնուհետև ելույթ են ունեցել տուժողների ներկայացուցիչներ Շայիգ Հուսեյնովը, Արզու Ջավադովը, Ալի Ահմեդովը և Էլմիրա Իսմայիլովան։
Նրանց կարծիքով՝ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը օրինական և հիմնավորված է, իսկ մեղադրյալներին ներկայացված մեղադրանքները լիովին հաստատվում են դատաքննության ընթացքում ներկայացված լուսանկարներով, տեսանյութերով և այլ ապացույցներով։ Նրանք նշել են, որ վերաքննիչ բողոքները հիմնավորված չեն, և դատարանին խնդրել են դատավճիռը թողնել անփոփոխ։
Դրանով ավարտվել են մեղադրյալների, նրանց պաշտպանների և տուժողների ներկայացուցիչների ելույթները։ Այնուհետև պաշտպանության կողմը, այդ թվում՝ Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, ներկայացրել են մի շարք միջնորդություններ։
Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել դատախազ Ա. Աբբասլին։
Ըստ դատարանի որոշումների՝ ներկայացված միջնորդությունները բավարարվել են մասնակի։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 21-ին։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։









