Foto

Գագիկ Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը: Փաստաբանը մանրամասնեց, որ կենդանիների առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, սակայն, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ «Այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ: Պետք է առգրավեին 11 ձի և 1 պոնի»,- նշեց նա:

Ավելի վաղ Ծառուկյանի տնից 3 առյուծ և 1 վագր քնեցված վիճակում տեղափոխել էին Երևանի կենդանաբանական այգի, առյուծներից մեկն անկել էր։

 Հիշեցնենք, որ 2 ամսով կալանավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկել են  Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Բացի այդ, ՔԿ-ն հայտնել էր Ծառուկյանին առնչվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակում նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին է։ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։ Ըստ հաղորդագրության՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: