Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։
«Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որն արտահայտվել է նախագահ Ալիևի կողմից, գոյություն ունի մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մտերիմ հարաբերություններ և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Եվ այո, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այս հարցը ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա, մենք հավատարիմ ենք պրագմատիկ մոտեցմանը»,- հայտարարել է Պեսկովը։









