Foto

Հավատ, բարություն և հայրենասիրություն․ Մասյացոտնի թեմում երեխաների համար կազմակերպվել են ճամբարներ

Ամռան շրջանում Մասյացոտնի թեմի մի շարք եկեղեցական համայնքներում, հոգևոր հովիվների ջանքերով, կազմակերպվում են հոգևոր բակային ճամբարներ՝ երեխաների և պատանիների համար։ Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից։

Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանայի հրավերով՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն այսօր այցելեց Սիս բնակավայրում կազմակերպված ճամբարի սաներին։

Սրբազան Հայրը ուրախությամբ ողջունեց բոլորին և իր օրհնության խոսքում մասնավորապես նշեց.
«Սիրելի՛ փոքրիկներ,
Հայկի ժողովրդի մերօրյա գանձեր,
Այս օրերին, երբ միասին ենք այս գեղեցիկ հոգևոր ճամբարում, ուզում եմ ձեզ հետ խոսել մի շատ կարևոր ճշմարտության մասին. ձեր կյանքը պատահականություն չէ։ Ձեր կյանքը պարգև է։
Այո՛, դուք ձեր կյանքը ստացել եք ձեր հայրիկից և մայրիկից, բայց ամենից առաջ այն Աստծո սիրո պարգևն է։ Եվ երբ հասկանում ենք, որ կյանքը պարգև է, սկսում ենք այլ աչքերով նայել մեզ շրջապատող ամեն ինչին։ Պարգև է ձեր ընտանիքը, որտեղ առաջին անգամ սովորեցիք սիրել ու սիրվել։ Պարգև է ձեր տունը, ձեր բակը, ձեր գյուղը, որ ունի խորհրդավոր անուն՝ Սիս, որ կարծես Մասիս քաղաքի շարունակությունն ու լրացնողը լինի։ Պարգև է մեր հայրենի Հայաստանը՝ իր պատմությամբ, եկեղեցիներով, սարերով ու դաշտերով, Սիս գյուղից Արարատի այս հրաշք տեսարանով։ Պարգև է նաև բնությունը՝ արևը, ծառերը, ջուրը, թռչունների երգը։
Երբ մենք գիտակցում ենք, որ այս ամենը պարգև է, այլևս չենք վնասում, չենք անտեսում, չենք անարգում, այլ սիրում ենք, շնորհակալ ենք լինում և պահպանում ենք մեզ վստահված բարիքները։
Սիրելի՛ երեխաներ, Աստված յուրաքանչյուրիդ մեջ մի գանձ է դրել։ Գուցե այսօր դուք դեռ ամբողջովին չգիտեք, թե ինչ շնորհներ ունեք։ Բայց հավատացե՛ք՝ ձեզանից ոչ ոք դատարկ ձեռքերով չի եկել այս աշխարհ։ Աստված մեկին՝ գեղեցիկ ձայն է տվել, մեկին՝ սուր միտք, մեկին՝ ստեղծագործ երևակայություն, մեկին՝ մարդկանց համախմբելու շնորհ, մեկին՝ կարեկցելու և օգնության հասնելու կարողություն։

Այս շնորհները նման են բնության մեջ թաքնված հարստություններին։ Ոսկին կամ թանկարժեք քարը գետնի վրա պատրաստի չեն գտնվում։ Դրանք պետք է հայտնաբերել, մշակել և արժեք դարձնել։ Այդպես է նաև ձեր կյանքում։ Դուք եկել եք այս ճամբար, որպեսզի մի փոքր ավելի ճանաչեք ինքներդ ձեզ, ավելի լավ հասկանաք, թե Աստված ինչ գեղեցիկ ադամանդներ է դրել ձեր սրտի մեջ, և սովորեք դրանք օգտագործել ոչ միայն ձեզ համար, այլև ուրիշների բարիքի համար։

Մենք բոլորս ապրում ենք որպես մեկ մեծ ընտանիք՝ մեր հայրենի երկրում։ Ընտանիքում բոլորը տարբեր են, բայց բոլորն իրար պետք են։ Այդպես էլ մեր ժողովուրդն է։ Մեզանից յուրաքանչյուրը մի փոքրիկ լույս է, և երբ այդ լույսերը միանում են, ամբողջ տունն է լուսավորվում։ Ուստի սովորե՛ք միասին ապրել, հարգել միմյանց, ներել, օգնել, ուրախանալ ընկերոջ հաջողությամբ և երբեք միայնակ չթողնել նրան, ով տխուր է կամ դժվարության մեջ է։

Եվ այս ամենի համար մեզ ուժ է տալիս աղոթքը։ Աղոթքը դաս անելը կամ բանաստեղծություն արտասանելը չէ։ Աղոթքը սրտի խոսքն է Աստծուն։ Երբ աղոթում ենք, ասում ենք. «Տե՛ր, շնորհակալ եմ այս օրվա համար։ Շնորհակալ եմ իմ ընտանիքի համար։ Օգնի՛ր ինձ բարի լինել, սիրել մարդկանց և իմ շնորհները ճիշտ օգտագործել»։ Ով աղոթում է, երբեք միայնակ չէ, որովհետև Աստված քայլում է նրա կողքին։

Սիրելի՛ երեխաներ, իմ աղոթքն ու մաղթանքն այն է, որ այս բակային հոգևոր ճամբարը ձեր սրտերում թողնի լույս և ջերմություն։ Թող այստեղ գտնեք նոր ընկերներ, սովորեք սիրել միմյանց, բացահայտեք ձեր ներքին գեղեցիկ շնորհները և տուն վերադառնաք ավելի ուրախ, ավելի բարի և ավելի մոտ Աստծուն։

Թող Տերը օրհնի ձեզանից յուրաքանչյուրին, պահպանի ձեր ծնողներին, ուսուցիչներին և ձեզ դարձնի լույս ու հույս մեր սիրելի հայրենիքի համար։ Հզորացրե’ք ձեր Սիս համայնքը՝ հանուն մեր մեծ համայնքի, որ Հայաստան աշխարհն է եւ հայ ազգը: Ամեն»։

 Սրբազան Հայրը օրհնության և երախտագիտության ջերմ խոսքերով իր գնահատանքն ու քաջալերանքն ուղղեց հոգևոր հովվին, վարչական ղեկավարին, ծնողներին ու մանկավարժներին, կամավորներին և հոգևոր ճամբարի բոլոր կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նրանց սիրով, նվիրումով և համատեղ ծառայությամբ է հնարավոր երեխաների սրտերում սերմանել հավատքի, բարության և հայրենասիրության սերմերը։