Foto

ԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը։

Օրենսդրական փոփոխություններով` ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում։ Ընդ որում` ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։

Փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: