Foto

«Արթուն ենք» շարժումը բերել է իրական օրակարգ՝ իմպիչմենտ․ Նարեկ Մալյան

«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրել է․

«Արթուն ենք» շարժման նպատակը շատ ավելի լայն էր, քան իմպիչմենտի օրակարգը:

Ինչպես գիտեք ընդդիմությունը սոցիալ-հոգեբանական առումով բազմաշերտ է: Այդ առումով ընդդիմադիր առաջնորդների և ընդդիմադիր հանրության միջև մեծ անդունդ (Gap) է առաջացել:
Ընդդիմադիր հանրության միակ պահանջն իշխանափոխությունն է: Այդ նպատակի համար մարդիկ պատրաստ են կրել զրկանքներ, հալածանքներ, բանտարկություն, աշխատանքի կորուստ, հնազանդորեն ենթարկվել առաջնորդների երբեմն շատ հակասական հրահանգներին, աչք փակել հերթական անգամ բաղձալի իշխանափոխություն խոստացողի մութ անցյալի և հատկապես անորոշ ապագայի նկատմամբ:

Ընդդիմադիր առաջնորդների մակարդակում ամեն ինչ այլ է: Բարձր վարձատրություն, 0 պատասխանատվություն, տարիներով անգործություն, բուռն գործունեության իմիտացիա, սեփական անսխալականության նկատմամբ անքննելի հավատ, բոլոր սխալների մեջ վերջում ժողովրդին մեղադրելու սովորություն և մունաթ, մունաթ ու էլի մունաթ, որն ընդհատվում է միայն քարոզարշավների ժամանակ, երբ հանրությունը ամեն ինչի մեղավորից ժամանակավոր վերածվում է ընտրողի: Այդ օրերին կարճ ժամանակով դադարում է մունաթը և հանրությանը անվանում են «իմաստուն ժողովուրդ», որը ընտրության օրը ճիշտ ընտրություն կանի: Վերջին արտահայտության իրական իմաստը ընտրական «պռավալի» պատասխանատվությունը նախօրոք ժողովրդի վրա դնելն է:

Ընդդիմադիր էլիտան իր գրպանային մեդիաներով մի կեղծ ու թունավոր թեզ էր ներմուծել ընդդիմադիր հանրության մեջ:
Ինչ էլ անի ընդդիմադիր առաջնորդը, ինչ սուտ էլ խոսա, ինչ անհոգությամբ մարդկանց լքի ու գնա արտասահմաններում ամիսներով հանգստանալու, ինչքան էլ հոռանա, ինչպիսի անգործություն ու արհամարանք դրսևորի երբեք ու ոչ մի դեպքում նրանց քննադատել ու անհարմար հարցեր տալ չի կարելի՝ տաբու է:
և այդ «սրբազան կովի» կարգավիճակը լկտիացրեց ու անպատկառ դարձրեց շատերին:

«Արթուն ենք» շարժումը մի խումբ սովորական մարդիկ էին, ովքեր քաղաքական դաշտ բերեցին վերջին 5 տարվա միակ իրական օրակարգը՝ իմպիչմենտը և դրանով կոմֆորտ զոնայից «բռնի» հանեցին ընդդիմության էլիտային:

Դա շատ դժվար ստացվեց, որովհետև 2026 թվականին սպասելու «օրակարգը» մի մեծ մեխանիզմ էր սպասարկում:
Մեզ մեղադրում էին, որ պառակտում ենք ընդդիմությանը: Մենք ծիծաղում էինք այդ մեղադրանքների վրա, որովհետև ընդդիմությունն արդեն պառակտված և կաստայավորված էր և հետո այդ մեղադրողներից ամենաակտիվը այս ընտրություններին վազելով ՔՊ-ից փող վերցրեց քարոզչության համար:
«Արթուն ենք» շարժմանը դժվար, բայց ստացվեց «եկեք մեր առաջ խոնարհվեք, որ ստորագրենք նիկոլի իմպիչմենտը» ամբարտավան խոսույթից հասնել նրան, որ գլուխները կախ գան ստորագրեն այդ թղթի տակ:

Փոքրիկ, բայց համառ խմբի օրինակով հանրությունը զգաց, որ ինքն է ընդդիմադիր էլիտայի գործատուն, կամ տերը (ոնց կցանկանաք) և ոչ թե հակառակը: Հանրությունը տեսավ տիտղոսային ընդդիմությանն Էգեյան ծովի ափերից Հայաստան բերելու և արդյունավետ աշխատեցնելու ուժը: Դա հանրությանը դուր եկավ: Այս օրերին հանրության շրջանում հրապարակային դժգոհություններ կան ընդդիմադիրներից, որն արտահայտվում է մանդատները վերցնել-չվերցնելու հանրային դեբատով:

Միանգամից ասեմ, որ այս վիճակում ես կողմ եմ վերցնելուն, բայց սրտանց ուրախանում եմ երբ տեսնում եմ թե ինչպես է 5 տարի ԱԺ-ում ոչինչ չարած պատգամավորը արդարանում մանդատները վերցնելու որոշման համար: Ուրախանում եմ, որովհետև դա պատասխանատու, վճռական, ազնիվ՝ մի խոսքով առողջ ընդդիմադիր առաջնորդություն ունենալու միակ տարբերակն է, որը իրականություն է դարձել նաև մեր համառ ջանքերով:

Այնպես, որ շարունակեք քննադատել ու պահանջներ ներկայացնել ընդդիմությանը: Դրանից միայն շահելու է մեր բոլորի հիմնական օրակարգը…»։