Ավելանում են նշանները, որ Վլադիմիր Պուտինի՝ ճնշում գործադրելու հնարավորությունները գնալով սպառվում են, իսկ տարածաշրջանային ազդեցության նրա գլխավոր լծակներն աստիճանաբար կորցնում են իրենց ուժը, գրում է «Eurasianet»-ը։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչ միայն ստիպել են ռուսական զորքերին անցնել պաշտպանության երկու երկրների միջև ձգձգվող հակամարտությունում, այլև, ինչպես պնդում են հեղինակները, սպառնում են խարխլել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ ՆԱՏՕ-ի ռուսական նմանակի կայունությունը։ Միևնույն ժամանակ, Կրեմլը չի կարողանում կանխել Հայաստանում Պուտինի գլխավոր քաղաքական հակառակորդի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, ինչն ավելի ակնառու է դարձնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թուլությունը, որը Ռուսաստանի առաջնորդությամբ գործող և Եվրամիությանն այլընտրանք համարվող կառույց է։
Հունիսի կեսերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Բելառուսին (որին հաճախ անվանում են «Կրեմլի պատանդ») այն մասին, որ անհապաղ պետք է դադարեցնել ռուսական զինված ուժերին ցուցաբերվող աջակցությունը, հակառակ դեպքում՝ ենթարկվել անօդաչուների զանգվածային հարվածների։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ ամենայնի, մասնակիորեն կատարել է այս պահանջը՝ հայտարարելով, որ Մինսկը չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ։ Լուկաշենկոյի այս քայլերն արագորեն դժգոհություն են առաջացրել Ռուսաստանում։
Ռուսական ճնշումը թուլացնելու նպատակով Լուկաշենկոն շտապ մեկնել է Պեկին, որտեղ Բելառուսի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում արժանացել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի աջակցությանը։ Այս դիվանագիտական քայլը ցույց տվեց, թե որքան սահմանափակ է Կրեմլի ազդեցությունը մի պետության վրա, որը շատերի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի արբանյակ։
Բելառուսի նկատմամբ Ուկրաինայի որդեգրած ռազմավարությունն ավելի լայն հետևանքներ ունեցավ ՀԱՊԿ-ի համար, որի կանոնադրության մեջ, ինչպես և ՆԱՏՕ-ում, ամրագրված է հետևյալ սկզբունքը. հարձակումը անդամներից մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։ Հետևաբար, Ուկրաինայի ցանկացած ռազմական գործողություն ՀԱՊԿ անդամ Բելառուսի դեմ տեսականորեն պետք է հանգեցներ կառույցի մյուս անդամների հավաքական պատասխանին։
Այդուհանդերձ, վերջին օրերին ՀԱՊԿ անդամ հանդիսացող Ղազախստանն ու Ղրղզստանը հստակ հասկացնել տվեցին, որ մտադիր չեն ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կազմակերպությունը գոյություն ունի ավելի շուտ թղթի վրա, քան իրականում։
«Ղազախստանն ու Ղրղզստանը մտահոգություն են հայտնել ուկրաինական հակամարտության մեջ հնարավոր ներքաշման կապակցությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ ռազմական օգնության մասին ՀԱՊԿ պայմանագրի դրույթի կիրառման որոշումը պետք է կայացվի խորհրդարանների կողմից, սակայն նշել են, որ նման նախաձեռնությունը կարող է դիմադրության հանդիպել պատգամավորների կողմից»,- իր տելեգրամյան ալիքում հայտնել է ռուսական «Նեզիգար» ռազմաքաղաքական բլոգը։
Այնուհետև «Նեզիգար»-ը մեջբերում է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության անանուն ներկայացուցչի խոսքերը. «Ուկրաինայի կողմից Բելառուսի դեմ ագրեսիայի ակտը պետք է պաշտոնապես ճանաչվի ՄԱԿ-ի կամ Անվտանգության խորհրդի բանաձևով։ Առանց նման որոշման՝ ՀԱՊԿ-ն իրավասություն չունի արձագանքելու իրավիճակին»։
Նման բանաձևի ընդունումը չափազանց քիչ հավանական է թվում, քանի որ այն կարող են արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
ԵԱՏՄ-ն նույնպես բախվում է վստահության ճգնաժամի։ Միության լիիրավ անդամ հանդիսացող Ղազախստանն ու Ղրղզստանը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ կառույցը գործում է անարդյունավետ և առաջին հերթին սպասարկում է Ռուսաստանի տնտեսական շահերը։
Ցույց տալու համար, որ ԵԱՏՄ-ն չի կարող իրապես ազատ առևտուր ապահովել, Ղազախստանը դիտարկում էր ցորենի ներկրման վեցամսյա արգելք սահմանելու հնարավորությունը (ներառյալ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից մատակարարումները)՝ նպատակ ունենալով պաշտպանել հայրենական արտադրողներին։
Փաշինյանը, ով կողմնակից է արևմտյան քաղաքական ու տնտեսական կառույցներին Հայաստանի ինտեգրմանը, ըստ ամենայնի, մտադիր է կասկածի տակ դնել ԵԱՏՄ-ի գոյությունն ընդհանրապես, թեև Հայաստանը պաշտոնապես շարունակում է մնալ դրա անդամ։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի վերընտրվելը թույլ չտալու ձախողված արշավի շրջանակներում Ռուսաստանն արգելել էր մի շարք հայկական սննդամթերքների ներկրումը՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում որակի հսկողության պահանջներին։ Փաշինյանն այս արգելքն օգտագործում է որպես փաստարկ՝ ցույց տալու համար, որ ԵԱՏՄ-ն գոյություն ունի միայն թղթի վրա։ Հայ պաշտոնյաների խոսքով՝ երկիրը հաջողությամբ նոր շուկաներ է գտնում իր արտադրանքի իրացման համար, իսկ նոր գնորդների մոտ ապրանքների որակի վերաբերյալ դժգոհություններ չեն առաջանում։
«ԵԱՏՄ-ն պետք է հստակ հայտարարի, թե ինքն ընդհանրապես գոյություն ունի՞ որպես կենսունակ առևտրային կազմակերպություն»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը։









