Foto

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կրթական, մշակութային և սպորտային նախաձեռնությունները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները շարունակում են իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը, վերասոցիալականացմանը և դրական վարքագծի խթանմանը։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում անցկացվել են «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գործնական սեմինար–քննարկումներ, որոնց նպատակն էր նպաստել ազատազրկված անձանց ինքնաճանաչողության, պատասխանատվության զգացման, նպատակադրման, արդյունավետ հաղորդակցման և անձնական զարգացման հմտությունների ձևավորմանը։

Սթիվեն Քովիի համանուն գրքի սկզբունքների վրա հիմնված սեմինարներն ուղղված էին մասնակիցների կողմից սեփական վարքագծի, կայացրած որոշումների և կյանքի առաջնահերթությունների վերաիմաստավորմանը։

Երկամսյա ծրագրի ընթացքում ազատազրկված անձինք ծանոթացել են արդյունավետ մտածողության և վարքագծի յոթ հիմնական սովորույթներին, մասնակցել են քննարկումների, ինքնավերլուծական վարժությունների և գործնական առաջադրանքների։ Սեմինարը հնարավորություն է տվել գնահատել սեփական ուժեղ և թույլ կողմերը, բացահայտել անձնական զարգացման հնարավորությունները և ձևավորել դրական փոփոխությունների իրականացման պատրաստակամություն։

Բացի այդ՝ Վարդաշեն ՔԿՀ-ում «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որը նպաստել է մասնակիցների գիտելիքների ընդլայնմանն ու թիմային աշխատանքի զարգացմանը։

Վանաձոր ՔԿՀ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Մկրտումյանի նախաձեռնությամբ անցկացվել է «Արդյունավետ հաղորդակցություն» թեմայով սեմինար-քննարկում, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են արդյունավետ շփման սկզբունքներին և քննարկել հաղորդակցման տարբեր իրավիճակներ։

Արթիկ ՔԿՀ-ում կազմակերպվել է ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործական ունակությունները։

Սպորտային միջոցառումների շրջանակներում Սևան ՔԿՀ-ում անցկացվել է ֆուտբոլի մրցաշար օտարերկրացի ազատազրկված անձանց մասնակցությամբ, իսկ Գորիս ՔԿՀ-ում՝ վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի ազատազրկված անձինք։