ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Գագիկ Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։
ԲՀԿ առաջնորդը 3.000.000 դրամ է պահանջում՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում և 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ծառուկյանը նաև պահանջել է ապահովել հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և հերքման տեքստի հրապարակումը և տարածումը մի շարք լրատվամիջոցներում:
Գործը դատարան է ստացվել երեկ՝ հունիսի 2-ին։ Այն կքննի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։









