Foto

Նաիրի Հոխիկյանի տան վրա հшրձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից․ հակառակ կողմն այլ բան է պնդում

Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է Նաիրի Հոխիկյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։

Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։

Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին' որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»,-գրել է նա։

«Հայկական ժամանակ»-ն էլ գրել է, որ իրենց տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ-ծեծկռտուք է եղել:

«Մեզ հասած տեղեկություններով՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:

Ըստ նույն տեղեկությունների՝ Հոխիկյանը հարվածել է Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:

Մենք նաև տեղեկություններ ենք ստացել, որ վիճաբանությունը ծագել է նախընտրական պաստառի հետ կապված հարցից, որից հետո Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ վիրավորելով Խաչատրյանին և իշխող ուժի այլ անդամների, այնուհետև Խաչատրյանը Հոխիկյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է վիրավորում: Հոխիկյանը, սակայն, չկարողանալով հիմնավորել իր քայլերը, հարվածել է Խաչատրյանին:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,-գրել է կայքը։