Foto

Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց են անցկացրել:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում արված գրառմամբ հայտնել է Ուկրաինայի նախագահը:

‹‹Խոսեցի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ: Ես շնորհակալ եմ նրա շնորհավորանքների համար ուկրաինացիներին և Ուկրաինային՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև այն ողջ աջակցության համար, որը Եվրոպան ցուցաբերել է Ուկրաինային մեր պաշտպանության ընթացքում լայնածավալ պատերազմում››.-գրել է Զելենսկին։

Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինան կպաշտպանի իր անկախությունը և իր ժողովրդի իրավունքը՝ ազատորեն ընտրելու իրենց ուղին, կպաշտպանի նաև բոլոր եվրոպական ժողովուրդների իրավունքը՝ ապրելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում:

‹‹Ռուսաստանին չի հաջողվի քանդել Եվրոպան կամ մասնատել այն. եղել են բազմաթիվ փորձեր, բայց բոլորն էլ ձախողվել են: Եվ ոչ մեկը չի հաջողվի։ Մենք Անտոնիոյի հետ քննարկեցինք Ուկրաինայի հետագա եվրոպական ինտեգրման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը: Ուկրաինան կզբաղեցնի իր տեղը որպես Եվրամիության լիիրավ անդամ: Մենք պատրաստվում ենք կլաստերների բացմանը և հետագա որոշումներին››,-նշել է Վոլոդիմիր Զելենսկին:

Նա նաև հավելել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են դիվանագիտության վերջին քայլերը և երկկողմ պայմանավորվածությունը, որը կնքվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ Ռուսաստանի հետ գերիների փոխանակման 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով: