Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել են «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ՀՆՓԱԿ-ի հատուկ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի և Աբովյանի ՀՓՋ-ի 4-րդ խմբի պետ՝ Հրաչ Մանուկյանի գլխավորությամբ։ Վիրավորներից մի քանիսին փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել երկուսի դիզվառելիքի արտահոսքը։
Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։









