Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:
Հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրեց նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։
Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանն ու առաքելությանը՝ կարևորելով եկեղեցականի պատասխանատու և նվիրյալ ծառայությունն ի նպաստ Եկեղեցու պայծառության և Հայրենիքի բարօրության ու առաջընթացի։
Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդ հոգևորականներին իրենց սպասավորության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ և արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները, Հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի հանդեպ անսակարկ սիրով, զոհողության և հանձնառության ոգով բարի օրինակ լինել հավատացյալների համար՝ զորացնելով համայնքային կյանքը և բարձր պահելով Եկեղեցու բարի համբավը։
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ։









