ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ին ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել են առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքին հարող գետերում, ջրամբարներում և ջրահեռացման համակարգերում առկա իրավիճակը և վարարումների հնարավոր ռիսկերը։
Փրկարարական ծառայողները ներկայացրել են իրականացված իրազեկման միջոցառումները, գետերի հուների մշտադիտարկումները։ Նշվել է, որ առաջիկա օրերին ինտենսիվ տեղումներ չեն սպասվում, սակայն դեռևս առկա ձնածածկույթի ծավալը և ջերմաստիճանային փոփոխությունները կարող են հանգեցնել ջրի հոսքերի ավելացման։
Քննարկվել են նաև ջրահեռացման համակարգերի, գետերի հուների մաքրման, ինչպես նաև փակ և թունելային հատվածների թողունակության վերաբերյալ հարցեր։
Մաքրման աշխատանքներ են իրականացվում Գետառ և Ողջաբերդ գետերի հատվածներում։ Նախատեսվում է աշխատանքներ իրականացնել նաև Հրազդան գետի տարբեր հատվածներում՝ ջրահոսքերի անխոչընդոտ անցանելիությունն ապահովելու նպատակով։
Կարևորելով ջրամբարների առավելագույն թողունակության ապահովումը՝ ընդգծվել է հիդրոլոգիական պայմանների գնահատման, ռիսկային գործոնների վերհանման և կանխարգելիչ միջոցառումների պլանավորման առաջնահերթությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ։
Ակտիվ փոխգործակցությունը հնարավորություն կտա համատեղ քարտեզագրել և գնահատել ռիսկերը՝ սեղմ ժամկետում մշակելով հստակ գործողությունների ծրագիր։
Հանդիպմանը ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։









