Ապրիլի 20-ին «Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին» վերտառությամբ հոդվածով անդրադարձել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություն-առաջարկին, որը պատասխան էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի 44-օրյա պատերազմին առնչվող դրվագային հայտարարություններին և «գաղտնազերծումներին»:
Իշխանություններն այս պահի դրությամբ անտեսել կամ մերժել են ԳՇ նախկին պետի՝ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկը, որին Օնիկ Գասպարյանն առաջարկում է ներգրավել 2020 թվականի պատերազմի ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Մենք մեր հոդվածում հարցադրում էինք արել՝ ի՞նչ չի ասել ԳՇ նախկին պետը 44-օրյայի քննիչ հանձնաժողովում իր երկօրյա և մոտ 10 ժամ տևած հարցաքննության ժամանակ: 168.am-ը գրել է նաև, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի զեկույցին որպես հավելված՝ կցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գրավոր վերլուծությունը՝ 70-80 էջի սահմանում:
Եվ թեև խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն ընդդիմադիր պատգամավորներից, օրինակ, Գեղամ Մանուկյանը, Տիգրան Աբրահամյանը ծանոթացել են զեկույցին, Օնիկ Գասպարյանի փաստարկված վերլուծությանը:
Ուստի 168.am-ը փորձել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից պարզել՝ կա՞ բան, որի մասին չի խոսվել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից, գուցե նա ակնկալում է, որ ընդդիմադիրներն այս անգամ իրեն հարցեր տալու հնարավորություն ունենան, թեպետ դրանց պատասխանները չեն արտացոլվելու զեկույցում:
– Օնիկ Գասպարյանի խոսքը, որ ներկայացված է զեկույցում և առանձին հավելվածում, բնականաբար, արտահայտում է նրա մոտեցումը, պատկերացումները պատերազմի ժամանակ իր որոշումների և գործողությունների մասին, և դա տեղի է ունեցել ՔՊ-ական գործիչների ներկայությամբ: Մի քաղաքական խմբի, որն ամենամեծ պատասխանատուն է 44-օրյա պատերազմի ելքի և դրա ծանր հետևանքների համար: Եվ այլ բան է՝ ինչ է յուրաքանչյուր պաշտոնյա խոսում իր որոշումների և արածի մասին, լրիվ այլ՝ ինչ է իրականությունը: Ու այս իրավիճակում, եթե Օնիկ Գասպարյանն ունի հավելյալ ինչ-որ բան ասելու, հատկապես, եթե դրանք հանրության համար մեծ կարևորություն են ներկայացնում, ապա դա անպայման պիտի ասվի, իսկ անկեղծությունն ու ճշմարտությունը կգնահատվի դրանից հետո:
– Իշխանություններն այս պահին փակ հանդիպումն անիմաստ են համարում, այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում միայն ընդդիմության հետ ԳՇ նախկին պետի փակ հանդիպումը, ի դեպ, Օնիկ Գասպարյանից նման ազդակներ եղե՞լ են:
– Ի սկզբանե մեր քաղաքական ուժի դիրքորոշումը եղել է այն, որ փակ ֆորմատով հանդիպումը ՔՊ-ականների ներկայությամբ կամ մասնակցությամբ որևէ խնդիր չի լուծելու, և ես ինքս հայտարարել եմ, որ չեմ պատրաստվում մասնակից լինել նման հանդիպմանը: Եթե Օնիկ Գասպարյանը կհամարի, որ կարևոր բան ունի ասելու հանրային շահի առումով և կցանկանա հանդիպել, ապա դրա ֆորմատի հարցը, բնականաբար, քննարկման առարկա կդառնա:
– Ի դեպ, ԳՇ նախկին պետի մերձակա շրջապատից շտապեցին ասել, թե ճիշտ չէ նրա հրապարակավ խոսելու պահանջը, ի՞նչ է, պիտի հրապարակային հերթով պատմի՞, թե ինչ է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ:
– Ես չեմ էլ ուզում իմանալ, թե ովքեր են համարում, որ ԳՇ նախկին պետի հրապարակային խոսելու անհրաժեշտություն չկա, երևի յուրաքանչյուրն իր մոտեցումն ունի: Բայց չպետք է մոռանանք, որ Օնիկ Գասպարյանը եղել է ամենաբարձր կարգավիճակ ունեցող զինվորականը, և հանրությանը, միանշանակ, ասելիք ունի: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ կան հարցեր, որոնք կարող են պետական և ռազմական գաղտնիք ներկայացնել, բայց Փաշինյանը և նրա թիմակիցները պատերազմից հետո 6 տարիների ընթացքում պատերազմի հանգամանքներին առնչվող «գաղտնազերծումներ» արել են, էլ չեմ ասում, որ բավականին ժամանակ է անցել, ու որոշ հարցեր, որոշումներ կարող են չունենալ այն նշանակությունը, որն ունեին 6 տարի առաջ: Ով այս տեսանկյունից հրապարակային չխոսելը կարող է դիտվել որպես խուսափում՝ հանրության հետ ուղիղ շփման մեջ մտնելու առումով:
– Անձամբ Դուք ի՞նչ հարցեր ունեք տալու ԳՇ նախկին պետին:
– Բնականաբար, կան նման հարցեր՝
Առաջին, անկախ այդ պահի զեկույցներից, երբ բարձր էր պատերազմի հավանականությունը, ինչո՞ւ զորքերը «համար մեկ պատրաստության» ժամանակին չբերվեցին, հատկապես, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին հավաստի տեղեկություն էր ստացվել պատերազմի մեկնարկի մասին:
Երկրորդ, ինչո՞ւ չի խոսում Արցախի ԱԱԾ-ի սեպտեմբերի 13-ի զեկույցից, որովհետև, ըստ տեղեկությունների, այդ օրը հավաստի տեղեկություններ են ֆիքսվել պատերազմի մեկնարկի մասին, նույնիսկ՝ հավանական օրերի:
Երրորդ, Օնիկ Գասպարյանի կարծիքով, ինչո՞ւ Գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարյան հայտարարությունից հետո որևէ արդյունք չեղավ:
Չորրորդ, արդյո՞ք իր նկատմամբ դրսից ճնշումներ են եղել` իր դիրքորոշումն արտահայտելու և Փաշինյանի հանցագործությունը մերկացնելու համար:
– Ինձ մոտ կուտակված նաև այլ հարցեր կան, բայց հիմա խոսքը դրանց մասին չէ: Իսկ Դուք, վստահ եմ, երբևէ շփվել եք Օնիկ Գասպարյանի հետ, հնարավոր է՝ նաև պատերազմից շատ հետո, ի՞նչ տպավորություն եք ստացել, առհասարակ՝ որպես զինվորականի, արդյո՞ք նրա լռությունը միայն պետական գաղտնիք պարունակող տվյալները չհանրայնացնելու ցանկությամբ է պայմանավորված:
– Ինձ գուցե ոմանք լավատես համարեն, բայց, ըստ իս, Օնիկ Գասպարյանի չխոսելու պատճառն այն է, որ նրա կարծիքով, փաշինյանական իշխանության պարագայում որևէ բան հնչեցնելը որևէ խնդիր չի լուծի: Եվ միգուցե դրանով է պայմանավորված, որ չի ցանկանում խոսել, բայց որպես մեծ պատասխանատվություն ունեցած պաշտոնյա՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա ընդհանուր գծերով, միևնույն է, իր ունեցած ասելիքը պետք է հրապարակավ արտահայտի:









