Foto

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու տնտեսական համագործակցության զարգացումը։ Հյուրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, առանձնակի կարևորությամբ ընդգծեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված է հայ և իսպանացի ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։

Վեհափառ Հայրապետը ողջունեց և իր օրհնությունը բերեց ներկաներին՝ հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթելով նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխճանաչողության խորացմանը։