Foto

Թիմին՝ հինգ, ավագին՝ երկու մինուսով. Բուբնովի կոշտ գնահատականը Էդուարդ Սպերցյանին

Մոսկվայի «Սպարտակի» և «Դինամոյի» նախկին պաշտպան, հայտնի ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Բուբնովը «Коммент.Шоу» YouTube-յան ալիքի եթերում գնահատականներ է դրել «Կրասնոդարի» ֆուտբոլիստներին՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական՝ «Զենիթի» դեմ խաղի (1:1) համար։

Ըստ Բուբնովի հաշվարկների՝ Մուրադ Մուսաևի սաները հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ կատարել են 827 տեխնիկատակտիկական գործողություն՝ թույլ տալով 22% խոտան (անճշտություն)։ Թիմային այս ցուցանիշի համար «Կրասնոդարն» արժանացել է «հինգ» գնահատականի։

Սակայն փորձագետը խիստ է գտնվել սև-կանաչների ավագի նկատմամբ. նա «երկու մինուսով» է գնահատել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը կատարել է ընդամենը 72 տեխնիկատակտիկական գործողություն, ընդ որում՝ խոտանը կազմել է 43%։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 24 տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։