Foto

Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը հանդիսանում է ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից մեկը:

Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:

Ներկայումս երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով: