Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Հարցման մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ո՞վ պետք է լինի նախագահի թեկնածուն»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնակիցների 37.9%-ի կարծիքով նախագահի թեկնածուն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Երկրորդ տեղում 22.6%-ով Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշն է։ 3-րդ տեղում 16.2%-ով Ստամբուլի նախկին քաղաքապետ, ներկայումս անազատության մեջ գտնվող ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուն է։
5.3%-ով չորրորդ տեղում «ԺՀԿ» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելն է, իսկ 5-րդ տեղում 5%-ով ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն է, որը ևս գտնվում է անազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2028-ին։
Հարցման մասնակիցները նաև պատասխանել են, թե Թուրքիան ինչպիսի քաղաքականություն է վարում ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Իրանի դեմ սկսված հակամարտության ընթացքում։ Մասնակիցների 45.1%-ի կարծիքով՝ հաջող քաղաքականություն է վարում, 27%-ի կարծիքով՝ «ոչ հաջող, ոչ էլ անհաջող», 20.5-ը%՝ «անհաջող», 7.4%-ը նշել է, որ պատասխան չունի։









