Foto

Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ

Թուրքիայում ինքնաթիռում արված անհաջող կատակն ավարտվել է խիստ դատավճռով։ Ստամբուլից դեպի Շանլըուրֆա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը կատակով իր քրոջը ներկայացրել է որպես «ինքնասպան ահաբեկիչ», ինչը հանգեցրել է անվտանգության լուրջ ահազանգի։

Միջադեպից հետո ինքնաթիռում անմիջապես գործարկվել են անվտանգության բոլոր ընթացակարգերը․ ուղևորները տարհանվել են, իրականացվել է մանրակրկիտ ստուգում, իսկ չվերթը մոտ երեք ժամ ուշացել է։

Քննությամբ պարզվել է, որ խոսքը պարզապես կատակի մասին էր, սակայն դատարանը այն գնահատել է որպես օդային փոխադրումների անվտանգությունը վտանգող գործողություն։ Արդյունքում մեղադրյալը դատապարտվել է 4 տարի 2 ամիս ազատազրկման։

Բացի այդ, ավիաընկերությունը պատրաստվում է նաև նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել, իսկ դատավճիռը ուժի մեջ մտնելու դեպքում դատապարտյալը կարող է ուղարկվել բանտ։