Foto

Ապրել հարմար՝ սեփական տանը

Ապրել հարմար՝ սեփական տանը.

Նոր սոցիալական ծառայություն առաջարկ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հարցազրույց «Իմ հարմար տունը» ծրագրի ղեկավար Արտակ Սարգսյանի հետ undefined

Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակ է հետապնդում «Իմ հարմար տունը» ծրագիրը և ովքե՞ր են այն իրականացնողները:

Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել «Տնային պայմանների հարմարեցում և բարելավում» նոր սոցիալական ծառայություն: Շուրջ 160 000 հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները զրկված են սեփական տանը հարմար, անվտանգ, ինքնուրույն ապրելու հնարավորությունից։ Դա էապես ազդում է նրանց կյանքի որակի, առողջության, սոցիալական կապերի, նույնիսկ ֆինանսական ծախսերի արդյունավետության վրա: Նրանք, հաճախ, սեփական տանը հայտնվում են թակարդում, չեն կարողանում լիարժեք տեղաշարժվել, օգտվել տան ընձեռած հնարավորություններից, ինքնուրույն կյանք վարել, դուրս գալ տանից, որի պատճառով էլ հաճախ հայտնվում են հարազատների գերհոգածության ներքո: Դա լրացուցիչ հոգս է դառնում ողջ ընտանիքի համար: Այնինչ, տնային պայմանները նրանց կարիքներին հարմարեցնելու դեպքում այս և բազմաթիվ այլ խնդիրներ հնարավոր է արդյունավետ լուծել: Սյունիքում գործող «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները, բազմաթիվ համախոհների հետ միավորել են ջանքերը, որ կարողանան բարձրաձայնել խնդիրը և օժանդակել պետական և համայնքային պատասխանատուներին այս նոր սոցիալական ծառայության ներդրման հարցում:

 

Ինչպե՞ս ծնվեց ծրագրի գաղափարը: Տնային հարմարեցումների սոցիալական մշակույթ Հայաստանում կարծես գորյություն չունի:

Ծրագիրն ունի նախապատմություն. 2024-2025 թթ. Սիսիան համայնքում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոնը», Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ իրականացրեց «Մանկան երազանք» ծրագիրը: Հարմարեցնելով և բարելավելով 18 հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների տնային պայմանները, հասկացանք, որ նրանց և ընտանիքի անդամների կյանքի որակը էապես փոխվում է: Միաժամանակ հասկանալի էր, որ հարմարեցումների կարիք ունեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, այլև՝ մեծահասակները: «Դարման» ՀԿ-ի հետ որոշեցինք շարունակել ծրագրի գաղափարը՝ նպատակ դնելով այն դարձնել պետական և համայնքային ծառայություն. խնդիրը համընդհանուր է և փոքր ծրագրերով այն հնարավոր չէ լուծել: Այսպիսի ծառայություն նախկին ԽՍՀՄ տարածքում գործում է միայն Էստոնիայում և Հայաստանի համար այն նորարարական է ու, ներդրվելու դեպքում, իրոք կունենա էական դրական ազդեցություն: undefined undefined

           

 

Մինչ այժմ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել ծրագրի շրջանակում, ի՞նչ արդյունքներ ունեք:

Աշխատանքներն ընթացել են 3 ուղղությամբ՝ իրականացրել ենք շահառուների տնային պայմանների հետազոտություն Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան համայնքներում, միաժամանակ ուսումնասիրել ենք ոլորտի մասնագետների կարծիքը, միջազգային և տեղական համանման փորձը և հետազոտությունը ամփոփել ենք մեկ զեկույցում: Հետազոտության արդյունքների հիման վրա մշակել ենք քաղաքականության փոփոխության առաջարկություն և փոխանցել պատասխանատու կառույցներին ( ՀՀ ԱՍՀՆ, ՏԿԵՆ, Սյունիքի մարզպետարան և երեք թիրախ համայնքապետարաններ) և, շահերի պաշտպանության արշավի շրջանակում, փորձում ենք ստեղծել  համախոհություն՝ պաշտոնյաների, մասնագետների և ՔՀԿ-ների համատեղ ջանքերով համապատասխան նոր ծառայություն ստեղծելու համար:

 

Սյունիքում իրականացված հետազոտությունը ահազա՞նգ է, որ մեր շուրջ 160 000 հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց տանը ապրում են էական դժվարություններով: Որո՞նք են հաջորդ քայլերն այդ խնդրի լուծման ճանապարհին:

Հետազոտությունը ցույց տվեց, որ շուրջ 80-90 % դիտարկված դեպքերում հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող անձինք իրենց տանը ունեն հարմարեցումների կարիք, գրեթե 100 %-ը չեն օգտվում միջավայրի հարմարեցումների ժամանակակից տեխնոլոգիաներից: Պատկերացրեք, որ տան մուտք ու ելքի խոչընդոտ ունեցողները կազմում են շուրջ 60 %: Ակնհայտ է, որ սահմանափակված է նրանց տեղաշարժի հնարավորությունն ու իրավունքը: Նման պայմաններում ընտանիքի անդամների հոգսն ու ծախսը էական բարձր է. մարդիկ ինքնուրույն չեն կարողանում ապահովել իրենց կենցաղն ու գործունեությունն իրենց իսկ տանը: Սա իսկապես լուրջ ահազանգ է և մեր կարևոր խնդիրներից է բարձրաձայնել տարբեր հարթակներում, որ խնդրի մասին բարձրացնենք իրազեկությունը: Շահառուները, հիմնականում, նույնիսկ չգիտեն հարմարեցումների և դրանց արդյունավետության մասին: Այս ամենը նորություն է Հայաստանի համար: Ինչ վերաբերվում է հաջորդ քայլերին, ապա մենք բանակցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի այս ծառայությունը դառնա պետական՝ համայնքների ակտիվ դերակատարությամբ: Առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ և քննարկումներ նախարարության համապատասխան մասնագետների հետ: Նման քննարկումներ արդեն ունեցել ենք Սյունիքում. արդյունքները թուլ են տալիս լավատեսորեն տրամադրվել ոչ հեռու ապագայում նման կարևոր ծառայություն ունենալու հարցում:

                

 

Շնորհակալություն կարևոր ծրագրի և հարցազրույցի համար: Հուսանք, որ հաշմանդամություն ունեցող մեր բազմաթիվ քաղաքացիներին շուտով կմատուցվի նման կարևոր ծառայություն և նրանց կյանքը կլինի ավելի արժանապատիվ և ինքնաբավ իրենց իսկ տանը:

Հարցազրուցավար՝ Աննա Ավետիսյան

***

Սույն հոդվածը պատրաստվել է «Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ների կողմից: «Իմ հարմար տունը» ծրագիրը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կոմղմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչ է: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները: