Ովքե՞ր կարող են մասնակցել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին և իրենց քվեն տալ այս կամ այն ուժին, ի՞նչ սահմանափակումներ կան մասնակցության հետ կապված և մասնակիցների թվի հետ կապված ինչ կանխատեսումներ կան։
Այս և առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող այլ հարցերի վերաբերյալ MediaHub-ը զրուցել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։
-Տիկին Հակոբյան, հստակեցնենք, թե ովքե՞ր կարող են որպես ընտրողներ մասնակցել համապետական ընտրություններին, ի՞նչ պարտադիր պայմաններ են նախատեսված ընտրելու իրավունք ունենալու համար։
- Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Երկու պայման է գործում՝ 18 տարին լրացած լինելու պահանջը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջը։ Ընտրելու իրավունք ունենալու որևէ այլ պահանջ չկա։ Բայց անգամ այս պայմանների առկայության դեպքում կա երկու սահմանափակում՝ եթե անձն անգործունակ է ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և հոգեկան հիվանդության պատճառով չի կարող գիտակցել իր արածի հետևանքները, և եթե դիտավորյալ կատարած ծանր ու առանձնապես ծանր հանցագործություների համար անձը դատապարտվել է, դատավճիռն ուժի մեջ մտած է, և նա կրում է պատիժը։
-Իսկ կալանավորված անձինք ինչպե՞ս են մասնակցելու ընտրություններին և իրացնելու իրենց քաղաքացիական իրավունքը։ Խոսքը թե՛ քրեակատարողական հիմնարկներում և թե՛ տնային կալանքի տակ գտնվողների մասին է, քանի որ այսօր նրանց թիվը բավականին շատ է։
-Կալանավորված, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող արդեն դատապարտված անձինք, ովքեր ընտրելու իրավունք ունեն, ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկելու են հենց քրեակատարողական հիմնարկներում, որտեղ ձևավորվում են տեղամասեր․ հանձնաժողով է աշխատելու, լինելու են քվեատուփեր, քվեախցիկներ։ Գրեթե նույն ընթացակարգերն են, ինչ սովորական տեղամասերում։ Ինչ վերաբերում է տնային կալանքի տակ գտնվողներին, ապա պետք է ասել, որ նրանք ունեն վիճելի իրավունք իրացման առումով։ ԿԸՀ-ն ունեցել է այդպիսի հարցում, որը վերահասցեագրել ենք արդարադատության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ պրոբացիոն ծառայությունը կարող է պատշաճ կերպով արձագանքել դրան։ Խնդրել ենք քաղաքացուն պատասխանելուց մեզ էլ իրազեկել, թե ինչ լուծում են առաջարկում, որպեսզի տնային կալանքի տակ գտնվող ընտրողների ընտրելու իրավունքն ապահովենք։ Պատասխանի մեջ ասվում է, որ տնային կալանք տալու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է դատական ակտում անդրադառնա այն հարցին, որ հունիսի յոթին պետք է ապահովվի նրանց ընտրելու իրավունքը, այդ անձանց հնարավորություն տրվի ներկայանալ իրենց տեղամաս և քվեարկել։ Արդարադատության նախարարությունը նաև մտադիր էր դիմել ԲԴԽ, որպեսզի այդ կառույցը դատարաններին իրազեկի՝ մարտի մեկից սկսած տնային կալանք տալուց դատարաններն անպայման այդ հարցին առանձին անդրադարձ կատարեն։ Մյուս դեպքերում, եթե մինչև մարտի մեկն է տնային կալանքի որոշում կայացվել, կալանավորվածների փաստաբանը հնարավորություն ունի դիմելու դատարանին այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնելու նպատակով։
-Ընտրությունների օրը երկրից բացակայող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունե՞ն մասնակցելու դրանց՝ այլ երկրներում ՀՀ դեսպանատների, հյուպատոսարանների միջոցով։ Որովհետև ՀՀ շատ քաղաքացիներ այս պահին երկար ժամանակով արտագնա աշխատանքի են մեկնել կամ երկքաղաքացի են և այս պահին իրենց երկրորդ քաղաքացիության երկրում են գտնվում։
-ՀՀ տարածքից դուրս տեղամաս չի ձևավորվում, դեսպանատներում, հյուպատոսարաններում քվեարկելու հնարավորություն չկա։ Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող ընտրողը կարող է քվեարկությանը մասնակցել՝ միայն այդ օրը Հայաստան ժամանելով։ Բացառություն արված է միայն ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դիվանագետների և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամների համար։ Նրանք կարող են քվեարկել էլեկտրոնային եղանակով։ Նույնը վերաբերում է նաև պաշտպանության նախարարության կողմից երկարաժամկետ գործուղման մեջ գտնվող զինծառայողներին, նրանք ևս կարող են առցանց մասնակցել ընտրություններին։ Այս երկու խմբի համար են միայն բացառություններ նախատեսված։ Ի դեպ, երկքաղաքացի լինելը չի խանգարի, որպեսզի Հայաստանում գտնվող անձը կարողանա քվեարկել իր ցանկացած ուժի օգտին՝ ներկայանալով տեղամաս։
-Հանրությանը հետաքրքիր է՝ Հայաստանում գտնվող օտարերկրյա աշխատանքային միգրանտներին, որոնք ժամանակավոր կացության իրավունք ունեն, թույլատրվելո՞ւ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
-Ցանկացած երկրի քաղաքացի, որը ՀՀ քաղաքացիություն չունի, ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք չունի՝ ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների։
-Նույնը վերաբերում է արցախցիների՞ն։ Նրանցից շատերը ՀՀ քաղաքացիություն չեն ստացել։ Օրենքը հստակեցնո՞ւմ է նրանց մասնակցել-չմասնակցելու հնարավորությունը։
-Չեմ ուզում տարանջատել արցախցիներին ըստ տարածաշրջանի։ Մենք չենք առանձնացնում, օրինակ, կապանցուն, շիրակցուն։ Եթե անձն ունի ՀՀ քաղաքացիություն և 18 տարին լրացել է, ընդ որում կարևոր չէ որքան ժամանակ է, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել, նա կարող է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Եթե քաղաքացիություն չունեն, ուրեմն չեն կարող մասնակցել։
-Ո՞ր հասցեներում կարող են քվեարկել քաղաքացիները, անպայմա՞ն է հաշվառում ունենալ կամ հաշվառման հասցեով նախատեսված տեղամասում քվեարկել, եթե, օրինակ, այդ անձին այլ տեղամասում է հարմար քվեարկել՝ աշխատանքի բերումով կամ հարմարավետության։ Եթե այդ օրը, օրինակ, Երևանի որևէ հասցեում հաշվառված անձը գործուղմամբ կամ այլ պատճառով գտնվում է Հայաստանի այլ բնակավայրում, նա կզրկվի՞ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։
-Եթե անձն, օրինակ, հաշվառված է Գյումրիում, բայց Երևանում է ապրում ու աշխատում, որպեսզի ստիպված չլինի հասնել Գյումրի, ընտրությունից ոչ ուշ, քան 12 օր առաջ մինչև ժամը 14.00-ը կարող է դիմել լիազոր մարմնին՝ անձնագրային բաժին, դիմում ներկայացնել, նշել իրեն հարմար հասցե, որին համապատասխան նրան կընդգրկեն կոնկրետ տեղամասի ընտրողների ցուցակում։ Ի դեպ, դիմումը կարող է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, խնդրել հանել ըստ հաշվառման վայրի նախատեսված տեղամասի ընտրողների ցուցակից և ընդգրկել այլ ցուցակում։ Անպայման ուզում եմ նշել, որ այս դեպքում պետք չէ որևէ այլ հասցեում նորից հաշվառվել։
-Հանրային հետաքրքրություն ունի նաև հետևյալ հարցը՝ եթե անձը չի կողմնորոշվել քաղաքական որ ուժին իր քվեն տա, կամ որևէ ուժի չի հավատում ու համակրում ու ընտրությունների օրը որևէ մեկի օգտին չի քվեարկում, արդյո՞ք ընտրաթերթիկն անվավեր դարձնելը հավասարազոր չէ ընտրություններին չմասնակցելուն։
-Չեմ կարող դրան քաղաքական գնահատական տալ, բայց ընտրություների տեսանկյունից՝ եթե անձը մասնակցել է դրանց, ապա նրա մասնակիցների ցուցակում նրա ներկայությունն արտացոլված կլինի։ Մենք օրվա ընթացքում երեքժամյա պարբերականությամբ չորս անգամ հրապարակում ենք տվյալներ, թե որ տեղամասում ընտրելու իրավունք ունեցողների քանի՞ տոկոսն է ներկայացել ընտրատեղամաս ու քվեարկել, և նրա մասնակցությունը ևս կազդի այդ տոկոսի վրա՝ անկախ նրանից, որ իր քվեաթերթիկն անվավեր է դարձրել։ Բայց որքանո՞վ դա կազդի ընտրությունների արդյունքների վրա, ինչ հետևանքներ կունենա, չեմ կարող ասել։
-Դուք քանի՞ տարի եք աշխատում համակարգում։
- Ընտրական հանձնաժողովում աշխատում եմ մոտ 12 տարի, համապետական երեք ընտրությունների եմ մասնակցել, մինչ այդ էլ ինը տարի աշխատել եմ Սահմանադրական դատարանում, որն այն ժամանակ ընտրական վեճեր լուծող մարմին էր։ Այնպես որ այս ոլորտին վաղուց եմ առնչվում։
-Հարցս ինքնանպատակ չէ։ Եթե այդքան երկար տարիների փորձ ունեք ոլորտում և համակարգում, ձեր դիտարկմամբ՝ այդ տարիների ընթացքում ընտրության մասնակցողների ի՞նչ դինամիկա եք արձանագրել՝ հետարքրությունն ընտրությունների հանդեպ ավելացե՞լ է, թե՞ նվազել։
-Եթե հետաքրքրության համար չափորոշիչ համարենք ընտրություններին մասնակցությունը, ապա իմ՝ ԿԸՀ-ում աշխատած տարիների կտրվածքով մասնակցության թվի նվազման միտում կա վերջին տարիներին։
Զրուցեց Թագուհի Ասլանյանը









