Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ըստ հայտնի ինսայդեր և լրագրող Մատեո Մորետոյի տեղեկությունների՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակը միլանյան ակումբի հետ շարունակում է բարդ մնալ: 37-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին, սակայն նոր պայմանագրի կնքման շուրջ կողմերի միջև ընթացող բանակցությունները մտել են փակուղի։
Աղբյուրն ընդգծում է, որ եթե Մխիթարյանին չհաջողվի նոր պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության գալ «Ինտերի» հետ, կիսապաշտպանը կարող է լրջորեն դիտարկել կարիերան ավարտելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականին «Ռոմայից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:









