Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին: Հանդիպման ընթացքում նախարար Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունը՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է, և հույս հայտնելով, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:
Նախարար Խուդաթյանն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան նոր ավիաուղղությունների մեկնարկը, իսկ Վրաստանի դեպքում նախարարն առաջարկել է դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։ Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար: Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:









