Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր` մարտի 24-ին, շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը:
Դատավորը թույլ չտվեց նիստը տեսանկարահանել, քանի որ վկաների հարցաքննության փուլն է:
Առաջին վկան, որ հրավիրվեց հարցաքննության, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էր, վերջինս նիստերի դահլիճում հայտարարեց, որ օգտվում է իր սահմանադրական իրավունքից և որևէ հարցի չի պատրաստվում պատասխանել: Հանրային մեղադրողը, այնուամենայնիվ, փորձեց մի քանի հարց հնչեցնել, որոնք մնացին անպատասխան:
Երկրորդ վկան` Սևակ Գոմցյանը, ևս հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
Հիշեցնենք, որ Հենրիկ Գասպարյանին ևս մեղադրանք է առաջադրված: Նա ձերբակալվել է նույն օրը, ինչ Վարդան Ղուկասյանը:
Նշենք, որ սույն գործը վերաբերում է կաշառքին, Ղուկասյանն այս գործով կալանավորված է:
Հասմիկ Սարգսյան









