Foto

TRIPP-ը այն հավասարակշռությունն է, որը մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն կբերի

Իսրայելը մեծ դեր ունի՝ Ադրբեջանին զենք և տարբեր ռազմական սարքավորումներ մատակարարելու հարցում, և այս տարածաշրջանում Իսրայելը նաև հանդես է գալիս որպես հիմնական ուժերից մեկը, որը հիմա ձևավորում է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ զրույցում։

«Իսկ թե ինչ կարող ենք անել ապագայում, ինչ կարող է անել Հարավային Կովկասը․ մեր տեսած խաղաղ ապագան Հարավային Կովկասի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Եվ այն, ինչ Իսրայելը կարող է տալ այս տարածաշրջանին, տեխնոլոգիաներն են, կրթությունն է, և պետք է փոխակերպվի Իսրայելի արտահանումը դեպի այս տարածաշրջան։ Այն չպետք է սահմանափակվի միայն ռազմական հարցերով, ոչ միայն հարձակման, կռվի կամ պատերազմի թեմաներով։ Դա պետք է փոխվի դեպի ավելի տնտեսական գործընկերային հարաբերություն՝ տեխնոլոգիական համագործակցության հիման վրա։ Այո՛, տեխնոլոգիական։

Այս տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի մեծ տեխնոլոգիական ներուժ, որը կարող է կիսել մեր բոլոր երկրների հետ և որը կարող է օգտագործվել աղքատության, տնտեսական խնդիրների լուծման համար, Իսրայելն է։ Եթե այս տարածաշրջանի խնդիրներին նայենք հնարավորությունների տեսանկյունից, ոչ թե հակամարտության, ապա կարող ենք շատ մեծ օգուտներ ստանալ։ Իսրայելի հետ մենք ունեցել ենք մի պատմություն՝ կապված Ադրբեջանին սարքավորումներ մատակարարելու հետ, բայց մենք զգում ենք, որ տեխնոլոգիան ու այն ձեռքբերումները, որոնց այդ փոքր երկիրը կարողացել է հասնել, կարող են օգնել տարածաշրջանային երկրներին լուծելու տնտեսական խնդիրներ, ինչպես նաև աղքատության մի շարք հարցեր։

Կարապետյանի խոսքով, երբ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը լուծվի, ապա Հարավային Կովկասը, վատագույն դեպքում, կդառնա այս տարածաշրջանի միակ կայուն գոտին։ Հյուսիսում ընթացող ռուսական գործընթացները խախտեցին Հարավային Կովկասի հավասարակշռությունը, և դա բերեց պատերազմի։

«Ռուսաստանի ուկրաինական գործընթացները, Ուկրաինայի հետ պատերազմը, հանգեցրին Ռուսաստանի հավասարակշռող դերի թուլացմանը։ Որովհետև այստեղ երեք ուժ կա, և այդ ուժերից մեկը, որը հավասարակշռող դերակատարներից մեկն էր, այլ ուղղությամբ էր զբաղված։

Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, և Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային և այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում։ TRIPP-ը միջանցք չէ, այն ճանապարհ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ճանապարհ։ Ադրբեջանը ցանկանում էր, որ այն դառնա «միջանցք», այսինքն՝ տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից։ Շատ անգամներ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք ուժով կվերցնեն այդ ճանապարհի վերահսկողությունը։ Այն հայկական տարածք է։ Նույնիսկ իրենք են ասում, որ դա հայկական տարածք է, բայց մենք կվերցնենք վերահսկողությունը դրա հանդեպ։ Եվ որովհետև այն տնտեսապես կարևոր է Ադրբեջանի համար:

Թրամփը սկսեց բանակցություններ, և իրավիճակը բերեց ավելի լավ պայմանների, քան նախկին բանակցային փուլերում էր։ Կարելի է ասել, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար։ Բայց մեզ անհրաժեշտ են երաշխիքներ՝ ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ Նա կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը չկիրառի ուժ այդ ճանապարհի հարցում։ Եվ ամրագրված է, որ դա Հայաստանի տարածք է։ Այսինքն՝ դա լավ է Հայաստանի համար, լավ է նաև տարածաշրջանի համար։ Նրանք կարող են օգտագործել այդ ճանապարհը, բայց դա տնտեսական նախագիծ է։ Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին՝ մեզ անհրաժեշտ են երաշխիքներ։ Որովհետև, օրինակ, 10 տարի անց կարող ենք կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից, երբ նրանք ասեն, որ ուզում են նաև այլ տարածք։ Դա Չինաստանից դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Եվ այդպիսով,  տարածաշրջանում խաղաղության պայմաններում…»։