Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսմանը աջակցելու տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր ֆինանսական օգնության միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի խոսնակին։
«Ես կարող եմ հաստատել, որ հանձնաժողովը քննարկում է նավթի մատակարարումների վերսկսմանն աջակցելու տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր ֆինանսական աջակցությունը», - ասել է խոսնակն՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։
Նաև հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ՝ «Դրուժբա» խողովակաշարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս հանդիպման ժամկետները պարզ չեն։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ կարգելափակի Ուկրաինայի համար ԵՄ ֆինանսավորումը, մինչև Կիևը չվերականգնի «Դրուժբա» խողովակաշարը, որը ռուսական նավթ է մատակարարում Հունգարիա, ինչպես նաև Սլովակիա։
Հունգարիան և Սլովակիան պնդում են, որ հունվարի վերջից «Դրուժբա»-ի գործունեության դադարեցման հիմնական պատճառը քաղաքական է։ Կիևը պնդում էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով։









