Վահե Մելիքսեթյան հիմնադրամը և ՎԻՎԱ բարեգործական հիմնադրամը ս.թ. մարտի 9-ին, Երևանի Իբիս հյուրանոցի Արարատ սրահում համատեղ կազմակերպում են «Բազմադեղանշանակում և կլինիկական դեղագիտություն. արդի մոտեցումներ և գործնականլուծումներ» թեմայով մասնագիտական սեմինար:
Սեմինարը կվարի բժշկական գիտությունների թեկնածու, Օսլոյի Մետրոպոլիտեն համալսարանի դոցենտ Յուրի Կիսելյովը, ով ռացիոնալ դեղաբուժության ոլորտի ճանաչված փորձագետ է:
Սեմինարին ելույթ կունենա նաև կլինիկական դեղագետ Մելանյա Սահակյանը, ով կներկայացնի ուռուցքաբանաության ոլորտում կլինիկական դեղագիտության միջազգային փորձը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում:
Ի՞նչ է բազմադեղանշանակումը
Բազմադեղանշանակումը (polypharmacy) այսօր առողջապահական համակարգի ամենաակտուալ մարտահրավերներից է։ Քրոնիկ հիվանդություններով, տարեց և համակցված պաթոլոգիաներով պացիենտների մոտ դեղերի ճիշտ ընտրությունը, փոխազդեցությունների գնահատումը և ռիսկերի նվազեցումը պահանջում են խորացված կլինիկական մտածողություն։
Քննարկման հիմնական թեմաներն են.
▪ Բազմադեղանշանակման սահմանումը և ռիսկերը
▪ Դեղերի փոխազդեցությունների կլինիկական նշանակությունը
▪ Անբարենպաստ դեղային ռեակցիաների կանխարգելումը
▪ Դեպքերի վերլուծություն (case-based discussion)
▪ Դեղագետի դերը կլինիկական թիմում
«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 5 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 57 միլիոն ՀՀ դրամի ներդրում է կատարել Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտներում։









