Foto

Կատարի ԱԳՆ-ն մեղադրել է Իրանին Բահրեյնում գտնվող կատարական ուժերին թիրախավորելու համար

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող շենքերի, որտեղ տեղակայված էին Կատարի ռազմածովային ուժերը։ Տուժածներ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարի պետությունը խստորեն դատապարտում է Բահրեյնի թագավորության տարբեր մասերում գտնվող շենքերի վրա Իրանի հարձակումը, որտեղ տեղակայված են Կատարի ռազմածովային ուժերը, որոնք մասնակցում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ ծովային գործողություններին», - նշված է հաղորդագրության մեջ:

Կատարն այս հարձակումը համարել է ագրեսիայի ակնհայտ դրսևորում և Բահրեյնի թագավորության ինքնիշխանության կոպիտ խախտում, ինչպես նաև իր  երկրի ու տարածաշրջանի անվտանգությանն ուղղված սպառնալիք:

Նախարարությունը պարզաբանել է, որ թիրախավորված շենքերում գտնվող Կատարի ռազմածովային ուժերի անձնակազմից ոչ ոք չի տուժել։

«Կատարի պետությունը դատապարտում է տարածաշրջանի երկրների անվտանգությանը և նրանց հաստատությունների անվտանգությանը սպառնացող բոլոր գործողությունները և կոչ է անում դադարեցնել լարվածության սրումն ու հետևել միջազգային իրավունքի սկզբունքներին ու Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը՝ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և նրա ժողովուրդներին հետագա լարվածության ռիսկերից զերծ պահելու համար», - նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։