Մարտի 4-ին քաղաք Սիղնաղիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։









