Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ Վաշինգտոնը կխզի Մադրիդի հետ առևտուրը՝ Իրանի ռմբակոծությանը Իսպանիայի դեմ լինելու պատճառով։ Սանչեսը նշել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Մարտի 4-ի առավոտյան հեռուստատեսային ելույթում Սանչեսն ասել է, որ կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել «ո՛չ պատերազմին» խոսքերով։
Նա կոչ է արել չկրկնել «անցյալի սխալները»՝ նկատի ունենալով 2003 թվականին Իրաք ներխուժումը, որը, նրա խոսքով, չի հասել իր նպատակներին և ստեղծել է անապահովություն ու վատթարացրել է շատերի կյանքը։
Սանչեսի խոսքով՝ Իրանի վրա հարձակումները կարող են նմանատիպ տնտեսական ազդեցություն ունենալ միլիոնավոր սովորական մարդկանց վրա, և կառավարությունը քննարկում է դրան հակազդելու միջոցները։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր «խզել բոլոր կապերը» Իսպանիայի հետ և երկիրը որակել էր «սարսափելի», այն բանից հետո, երբ Սանչեսը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ հարվածների համար։
Մադրիդն այդ հարվածները որակել է որպես «անհիմն և վտանգավոր ռազմական միջամտություն»։









