Իրանի ականավոր հոգևորական այաթոլլա Մակարեմ Շիրազին սրբազան պատերազմ է հայտարարել Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։
«Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը վրեժ կլուծեն նահատակի՝ Իրանի գերագույն առաջնորդի արյան համար։ Այս հանցագործության գլխավոր մեղավորներն են ամերիկյան կառավարությունը և չար իսրայելական ռեժիմը։ Այս վրեժը աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է, որը կոչված է մեր աշխարհից չարիքը արմատախիլ անելու համար», – ասել է Մակարեմ Շիրազին, նրա խոսքերն է փոխանցում իրանական Tasnim գործակալությունը:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է իր գրասենյակում՝ շաբաթ օրը վաղ առավոտյան՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով:
Գերագույն առաջնորդի մահից հետո Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա ազգային սուգ և մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր: ԻՀՊԿ-ն և Իրանի բանակը հայտարարություններ են տարածել՝ խոստանալով վրեժ լուծել Խամենեիի մահվան համար:









