Foto

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել հրազեն և ռազմամթերք:

Դատավոր Հրաչյա Մեխակյանի կայացրած դատավճռում նշվում է․ «Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 տարի ժամկետով»։

Քանի որ նա 4 ամիս գտնվել է անազատության մեջ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 8 ամիս ժամկետով։

Նշվում է, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Մկրտիչ Մկրտչյանի վրա դրվել է պարտականություն՝ վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:

«Իրեղեն ապացույց ճանաչված 1978 թվականի գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «BT 1346» համարի ատրճանակը և թվով 9 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտները վերադարձնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ թիվ 57204825 քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար»,-նշված է դատավճռում։