Foto

Հունգարիան և Սլովակիան սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները

Հունգարիան և Սլովակիան փետրվարի 25-ին Եվրահանձնաժողովում նավթին նվիրված նիստում հայտարարել են, որ արդեն սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները՝ Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցման ֆոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։

«Ե՛վ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատել են, որ սկսել են բաց թողնել իրենց պահուստային նավթը։ Այդ պաշարները պահվում են բոլոր անդամ պետությունների կողմից, հատկապես նման իրավիճակները հաղթահարելու համար», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված իրադրությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պաշարները երկրներին պետք է որ բավականացնեն 90 օր։

Սլովակիան փետրվարի 24-ից դադարեցրել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները՝ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։