Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։
Նրա խոսքով՝ այդ գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ «Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգն այլևս կթելադրվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարօրությամբ և զարգացմամբ։ Այսուհետ մենք կենտրոնանալու ենք հիմնականում ապագայի վրա», - նշել է նա։
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում թե՛ Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքով հացահատիկի փոխադրումը, թե՛ առևտրային կապերի մեկնարկը վկայում են ադրբեջանական կողմի ինքնավստահության մասին։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը սկսել է փուլ առ փուլ իրագործել պայմանավորվածությունները փաստացի դեռևս մինչև պլանավորվող համաձայնագրի պաշտոնական ստորագրումն ու իրավական պարտավորությունների ստանձնումը. «Սա շատ կարևոր ցուցանիշ է և դրսևորում է սեփական ուժերի հանդեպ Ադրբեջանի վստահությունը»։









