Foto

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն

Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Այս մասին գրում է Ազատությունը:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։

Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախագիծը հաջողված են համարել, և Եվրամիությունն այժմ ցանկանում է նույնն իրականացնել նաև Հայաստանի համար՝ կարևորագույն ընտրությունների շեմին, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։

Նախապատմություն. Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում», հավելելով, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։

«Ազատության» տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին՝ արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորելով «շարունակել կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։

Բաքուն նախկինում մտահոգություններ է հայտնել ինչպես վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ոչ մահաբեր ռազմական օգնության, այնպես էլ Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելության վերաբերյալ, որը 2023-ից գործում է Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ վստահություն կառուցելու և իրավիճակը դիտարկելու մանդատով։