Foto

ՌԴ ԱԳ նախարարությունն անընդունելի է համարել «կամեցողների կոալիցիայի» զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ուկրաինայի տարածքում «կամեցողների կոալիցիայի» զորքերի հայտնվելը կտրականապես անընդունելի է. դրանք Մոսկվայի կողմից կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա այդ ինչ-որ զորքերը հենց այս «կամեցողների կոալիցիայից» գլխավորելու են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այդ ամենն, իհարկե, արտաքին ռազմական միջամտության բացահայտ պլան է. հենց այդպես դա պետք է անվանել։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների զորքերի տեղակայումը ցանկացած պատրվակով սպառնալիք կներկայացնի ՌԴ անվտանգության համար, և այդ զորքերը «կհամարվեն օրինական ռազմական թիրախներ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարին հռչակագիր են ստորագրել մարտական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժեր տեղակայելու մտադրության մասին։

Ստորագրումը տեղի է ունեցել Փարիզում «Կամեցողների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում։

«Կամեցողների կոալիցիան» տասնյակ երկրներից բաղկացած դաշինք է, որը ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ի թիվս այլ բաների, այս կոալիցիայում քննարկում են Ուկրաինայի տարածքում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։