Foto

Երևանում խոշոր վթարի հետևանքով հոսպիտալացված 23-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Այսօր՝ փետրվարի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 23-ամյա Արտյոմ Հ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Արտյոմ Հ.-ն «BYD»-ի ուղևորն էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 31-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել էին «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։