ԱՄՆ զինվորականները փետրվարի 3-ին խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որն «ագրեսիվ» կերպով մոտենում էր «Աբրահամ Լինքոլն» ավիակրին Արաբական ծովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերին։
Միջադեպը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների կազմակերպման և ԱՄՆ-ի կողմից դեպի Իրան ռազմանավերի ուղարկման ֆոնին։
Ըստ գործակալության՝ ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ իրանական «Շահեդ-139» ԱԹՍ-ն շարժվում էր դեպի ավիակիրը «անհայտ մտադրությամբ», և այն խոցվել է ամերիկյան F-35 կործանիչի կողմից։
««Աբրահամ Լինքոլնի» F-35C կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարքը ինքնապաշտպանության և ավիակիրն ու անձնակազմին պաշտպանելու նպատակով», - հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ, ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը։
Նա հավելել է, որ միջադեպի ժամանակ ամերիկացի զինծառայողներ չեն տուժել, ամերիկյան սարքավորումներ չեն վնասվել։
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ։
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ միջազգային ջրերում գտնվող ԱԹՍ-ի հետ կապը կորել է, սակայն պատճառն անհայտ է։
Իրանում հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջամտել, պահանջել է, որ Թեհրանը միջուկային ծրագրի հետ կապված զիջումների գնա, ինչպես նաև նավատորմ է ուղարկել դեպի Իրան։
Փետրվարի 3-ին մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում՝ իրանական ԱԹՍ-ի խոցումից ընդամենը մի քանի ժամ անց։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հետապնդել են ԱՄՆ դրոշի ներքո նավարկող և ԱՄՆ անձնակազմով Stena Imperative առևտրային նավը։ Իրանական ուժերն, ըստ ծովային ռիսկերի կառավարման Vanguard խմբի, լցանավի անձնակազմին հրահանգել են անջատել շարժիչը և սպառնացել են տախտակամած բարձրանալ։ Լցանավն արագություն է հավաքել և շարունակել նավարկությունը։ Հոքինսի խոսքով՝ ԱՄՆ ռազմանավերից մեկը, որը գործում էր տվյալ տարածքում, ուղեկցել է Stena Imperative նավը։









