Ճապոնիայում առնվազն 35 մարդ է զոհվել երկրի հյուսիսում և Ճապոնական ծովի ափին ձյան սաստիկ տեղումների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Զոհվածների թվում են տանիքները ձյունից մաքրելիս ընկածները, տարեց մարդիկ, որոնք մահացել են գերլարվածությունից՝ ճանապարհներն ու բակերը մաքրելիս: Նիիգատայի պրեֆեկտուրայում՝ Ճապոնական ծովի ափին, տեղացի բնակիչներից մեկը մնացել է ձյան ծանրությունից փլուզված սեփական տան փլվածքի տակ:
TBS-ի տվյալներով՝ բազմաթիվ շրջաններում իշխանությունները չեն հասցնում մաքրել ճանապարհները, որտեղ ավտոմոբիլային մեծ խցանումներ են առաջացել: Մի շարք շրջաններում, նշում է հեռուստաալիքը, արդեն երեք օր անընդմեջ փակ են տարրական և միջնակարգ դպրոցները:
Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորիի պրեֆեկտուրայում ճանապարհները ձյունից մաքրելու համար ուղարկվել են բանակային ստորաբաժանումներ:









