ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի և ծրագրերի պատասխանատու Սուսանա Մարտինսի հետ: Այդմ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հանդիպման քննարկման առանցքում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերն էին, որն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Օրենքների նախագծերի փաթեթի համահեղինակ Մերի Գալստյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով՝ մի շարք քննարկումների և միջազգային փորձի խորքային ուսումնասիրության արդյունքում: Նա ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող հիմնական կարգավորումները՝ անդրադառնալով ոլորտի կառավարման և վերահսկողության մեխանիզմներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը նոր մշակույթ ձևավորող նոր օրենք է և շարունակաբար բարելավման կարիք է ունենալու: Պատգամավորը նշել է նաև, որ օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց՝ պայմանավորված Կառավարության կողմից անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման անհրաժեշտությամբ:
Ֆրանկ Հեսսը շնորհակալություն է հայտնել նման օրենսդրական նախաձեռնության և հանդիպման առաջարկը ընդունելու համար: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացել է մտահոգություններ, հարցադրումներ և առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կետ առ կետ քննարկել են բարձրացված հարցերը, որոնց առնչությամբ հեղինակի կողմից ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ և պատասխաններ:
Կողմերն ընդգծել են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ապահովման և միասնական իրավական դաշտի ձևավորման կարևորությունը:
Անդրադառնալով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող կենդանիների կացարանների կառուցման չափորոշիչներին, դրանց կառավարման և շահագործման կարգին, ինչպես նաև կացարաններում իրականացվող պարտադիր միջոցառումներին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ առաջիկայում կացարանների կառուցում է նախատեսվում Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում:
Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ: Համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելուց հետո օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի երկրորդ ընթերցմամբ քննարկման:









