«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին երբ դեռ չէր հաստատվել «Առողջապահության համապարփակ ապահովագրության» նախագիծը միլիոնավոր դրամների գնումներ է կատարել չեղած բանի համար։
Սեպտեմբերին Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել Դոմինո Վիդեո Փրոդաքշն ՍՊԸ-ի հետ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի ապրանքանիշի ձևավորման՝ բրենդինգի համար։ Պայմանագիրն արժեցել է 32 մլն 760 հազար դրամ։
Պայմանագրով սահմանվել է՝ ստեղծել ամբողջական բրենդային պատկերի համակարգ, որը կներառի անվանումը (բրենդ նեյմինգ), լոգոտիպ, ֆիրմային ոճ (գունապնակ, տառատեսակը, գրաֆիկան և այլն)։
Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերին, երբ դեռ ԱԺ-ն քննում էր չարչրկված այդ նախագիծը, այն ընդունելու հեռանկարի մասին վաղ էր խոսելը։
ԱԺ հանձնաժողովում քննարկելուց, ԱԺ-ի կողմից հաստատվելուց և կառավարության նիստերում արդարանալուց հետո Ավանեսյանի ջանքով հունվարի 1-ից սկսեց «գործել» առողջապահության ապահովագրության ծրագիրը այն էլ առանց համապատասխան հիմնադրամի և առանց համապատասխան աշխատակազմի։
Ստացվում է, որ Անահիտ Ավանեսյանը կառավարության գլխավորությամբ «առուն դեռ չթռած ասել են հոպ». կատարել են պետական գնումներ այն էլ մեկ անձից՝ հուսալով և հոգու խորգում համոզված լինելով, որ եթե այն ամենավատ նախագիծն էլ լինի, միևնույնն է, ԱԺ-ն կհաստատի։
Հիշեցնենք, որ «Առողջության համապարփակ ապահովագրության» համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ, բայց քանի որ 2024 թվականին այն չի ներդրվել, ապա գումարը չի ծախսվել այդ ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։
«2026 թվականին առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ: Այն 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների բյուջետային համատեղ նիստում տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նաև հավելեց, որ պետական բյուջեով 127 մլրդ դրամ է նախատեսված առողջության ապահովագրության ներդրման համար»։









